Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, մեծ շուքով եւ հանդիսավորությամբ օգոստոսի երկրորդ կիրակին նշելու է Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը: Սբ. Աստվածածնի Վերափոխման տոնը Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է եւ Տիրամորը նվիրված տոներից: Աստվածածնի Վերափոխման տոնի օրը, Սբ. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք: Օրհնվում է նաեւ տարվա ողջ բերքն ու բարիքը: Հայ Եկեղեցին դարեր շարունակ խորին հարգանք եւ երկյուղածություն է տածում Աստվածամոր հանդեպ` շեշտելով Աստծո մայր լինելու հանգամանքը, մաքրակենցաղությունը, անօրինակ խոնարհության ոգին, առաքինի վարքն ու նվիրվածությունը: Իսկ հայ կնոջ համար Սբ. Կույսն առաքինի, հավատավոր մոր, ընտանեկան սրբության պահապանի մարմնացումն է: